Ту-154 ինքաթիռի վթարից զոհված Հայաստանի քաղաքացիների ընտանիքներից յուրաքանչյուրին պետբյուջեից կվճարվի 1,5 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ту-154 ինքաթիռի վթարից զոհված Հայաստանի քաղաքացիների ընտանիքներից յուրաքանչյուրին պետբյուջեից կվճարվի 1,5 մլն դրամ (ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար), տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը։
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
«Աշխատանքի նախարարության առաջարկով ավիավթարից զոհված ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանիքին կվճարվի 1,5 մլն դրամ։ Դժբախտաբար, մենք արդեն ունենք նմանատիպ նախադեպեր՝ նման աջակցություն էր ցուցաբերվում նաև Սոչիի ավիավթարից զոհված անձանց ընտանիքներին»,- հինգշաբթի կառավարության նիստում ասաց նախարարը։
2006 թվականին Հայաստանը սգում էր մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայկական А-320-ի ավիավթարի զոհերի համար։ Այն ժամանակ «Արմավիա» հայկական ավիաընկերության Երևան-Սոչի չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սև ծովի վրա՝ «Ադլեր» միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Ինքնաթիռում 113 մարդ կար, և բոլորը զոհվեցին։
Ինչպես ավելացրեց Աշխատանքի նախարարության ղեկավարը, ևս 675 հազար դրամ (ավելի քան 1,8 հազար դոլար) կհատկացվի Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Արմավիրի մարզպետարանին հուղարկավորությունների հետ կապված տարբեր ծախսերի նպատակով։
Զոհվածների հարազատները կստանան նաև 32-42 հազար եվրո ապահովագրում։ -0-