Նախնական տվյալներով, Իրանում ավիավթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի ուղևորների շրջանում ՌԴ քաղաքացիներ չեն եղել

16.07.2009, 13:41
Նախնական տվյալներով, Իրանում ավիավթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի ուղևորների շրջանում ՌԴ քաղաքացիներ չեն եղել

Նախնական տվյալներով, Իրանում ավիավթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռի ուղևորների շրջանում ՌԴ քաղաքացիներ չեն եղել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

«Երևանում ՌԴ դեսպանատունը, ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության մարմինների հետ համագործակցությամբ, աշխատում է ուղևորների ցուցակի ուսումնասիրման ուղղությամբ՝ ՌԴ քաղաքացիների բացահայտման նպատակով: Այս պահին ունեցած նախնական տվյալների համաձայն, չվերթի ուղևորների շրջանում ռուսաստանցիներ չեն եղել», - ասվում է դեսպանատան մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Դեսպանատան աշխատակազմը ցավակցություն է հայտնել աղետի զոհերի ընտանիքներին:

Դեսպանատնից հիշեցրեցին նաև, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ՀՀ քաղաքացիների մահվան կապակցությամբ:

ՀՀ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանի խոսքերով՝ ինքնաթիռում չորս երեխա է եղել:

Իրանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազատներին կվճարեն 32-42 հազար եվրո ապահովագրական վճար:-0-