ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավկովկասյան երկաթուղու՝ Երևան-Բաթումի երթուղով ընթացող «Հայաստան» ֆիրմային մարդատար գնացքի շնորհանդեսն է տեղի ունեցել չորեքշաբթի Երևանում։
Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը և Կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը։
Գնացքի օծման արարողությունից հետո ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինն ուղեկցեց բարձրաստիճան հյուրերին ֆիրմային գնացքով՝ ծանոթացնելով նրանց ուղևորների սպասարկման պայմաններին։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը գնացքի պայմաններին ծանոթանալուց հետո ասաց լրագրողներին, որ իրեն բավարարել է առաջարկվող ծառայությունների որակը։
«Հաճույքով ճանապարհորդության կուղևորվեի այս գնացքով և առաջինն իսկ հնարավորության դեպքում կանեմ դա».- հավաստիացրեց վարչապետը։
Հայաստանի կառավարության նախագահի խոսքերով, առավել կարևոր գործոն է այն, որ արդեն այսօր «Հայաստան» գնացքի բարեկարգված վագոնները հասանելի կդառնան ուղևորների համար, իսկ ՀԿԵՈՒ ծառայությունների որակն էապես կբարձրացվի։
«Դա թույլ կտա մեր համաքաղաքացիներին, իրենց ամառային արձակուրդները կազմակերպելիս, օգտվել երկաթուղու ծառայություններից»,- հայտարարեց վարչապետը։
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀԿԵՈՒ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը, «Հայաստան» գնացքը, որը Բաթումի կմեկնի արդեն չորեքշաբթի երեկոյան, բաղկացած կլինի 12 վագոնից, որոնք տեղավորում են շուրջ 350 ուղևորի։ Նրա խոսքերով, գնացքի՝ ճանապարհին գտնվելու ժամանակը կկազմի մոտ 18 ժամ՝ «Հայաստանը» Երևանից դուրս կգա 22։30-ին և Բաթումի կժամանի հաջորդ օրը 16։50-ի սահմաններում։
Ինչպես տեղեկացրեց Դավթյանը, ընդհանուր վագոնի տոմսի արժեքը կազմում է մոտ 8 հազար դրամ (մոտ 21 դոլար), երկտեղանի կուպեինը՝ շուրջ 20 հազար դրամ (ավելի քան 54 դոլար), չորստեղանի կուպեինը՝ մոտ 15 հազար դրամ (մոտ 40 դոլար)։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուր տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։-0-