Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիրը (Junior Faculty Development Program/JFDP), որը ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը, չորեքշաբթի մեկնարկում է Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկյան խորհրդի երևանյան գրասենյակից:
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար և հասարակական գիտությունների ասպարեզում հետևյալ մասնագիտոիթյուններով՝ ամերիկաբանություն, ճարտարապետություն և քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրություն, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա:
Ծրագիրը մասնակիցներին խրախուսում է կապեր հաստատել ԱՄՆ-ի և Հայաստանի համալսարանների միջև` երկարատև համագործարկցություն ստեղծելու նպատակով:
JFDP ծրագրի մասնակիցները սերտ համագործակցում են ամերիկյան գործընկերների հետ` մշակելու ուսումնական ծրագրեր, ուսումնասիրելու դասավանդման նոր մեթոդները, իրազեկ դարձնելու ամերիկյան դասախոսներին և ուսանողներին իրենց երկրների կրթական համակարգին և մշակույթին, ինչպես նաև կապեր են հաստատում սեփական երկրների և ԱՄՆ-ի բուհերի միջև՝ հետագա արդյունավետ միջբուհական համագործակցության և ծրագրերի իրագործման նպատակով:
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում JFDP մասնակիցները կհաճախեն դասերի, կմասնակցեն գիտաժողովների, ինչպես նաև կհրավիրվեն դասախոսելու կամ համադասախոսելու համալսարաններում: Ծրագրի ավարտից հետո մասնագետներին գիտական աստիճան չի շնորհվում: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են վերադառնալ իրենց երկրները:-0-