Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացումը հայկական ազգային մեծ կինեմատոգրաֆի վերածննդի հույս է ներշնչում, կարծում է ռուս ճանաչված կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովը:
««Ոսկե ծիրանը» ստեղծող մարդիկ մեծ սխրանք են գործել: Չէ՞ որ մեր աչքի առաջ անհետացել ու քայքայվել է հայկական կինեմատոգրաֆը, և թվում էր, որ դա անդառնալի գործընթաց է, ու երկիրը կմոռանա, թե ինչ է կինոմատոգրաֆը»,- երեքշաբթի Երևանում ստեղծագործական հանդիպման ժամանակ ասել է ռեժիսորը:
Սոլովյովի խոսքերով՝ 60-ականներին Մոսկվան ցնցված էր ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմով և նրանով, որ կա Հայաստան, որն ունի իր վիթխարի կինեմատոգրաֆիկ մշակույթը:
Ռեժիսորը նշեց, որ դրանից հետո շատ տարիներ մարդիկ հետևում էին հայկական կինեմատոգրաֆին, որը մարդկանց միջև շփման լեզու էր դարձել:
«Հետո եկավ սարսափելի ու տխուր մի շրջան, բայց հանկարծ հայտնվեց այս փառատոնը, որը ազգային մեծ կինեմատոգրաֆի վերածննդի հույս է ներշնչում և ահռելի մշակութային իրադարձություն է»,- հայտարարեց Սոլովևը:
Նրա խոսքերով՝ «Ոսկե ծիրան» փառատոնը ոչ միայն մնում է ջրի երեսին, այլև զարգանում է:
«Ոսկե ծիրան» փառատոնը կտևի 8 օր (հուլիսի 12-19-ը): Փառատոնի 2009 թ.-ի մրցութային ծրագիրը ներկայացված է երեք հիմնական անվանակարգերում. միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմեր և «Համահայկական համայնապատկեր»: -0--