ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է Պավլովի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները և նշեց, որ դեսպան Պավլովի պաշտոնավարման տարիներին դրանք ավելի են խորացել և ընդլայնվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պավլովին հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեության, ամենօրյա հետևողական աշխատանքի և անձնական ներդրման համար:
Իր հերթին դեսպան Պավլովը նշեց, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից, և շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:
Նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթելով դեսպան Պավլովին հետագա գործունեության մեջ` նրան պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում ՌԴ նոր Արտակարգ և Լիազոր դեսպան նշանակելու մասին: Ավելի վաղ Կովալենկոն զբաղեցնում էր Ռդ դեսպանի պաշտոնը Վրաստանում:-0-