Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ամրապնդել բարեկամական կապերը

13.07.2009, 11:33
Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ամրապնդել բարեկամական կապերը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը Երևանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդգծել են հայ-ռուսական հարաբերությունների և բարեկամական կապերի ամրապնդման պատրաստակամությունը:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով՝ հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Պավլովի  պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն է մաղթել նրան հետագա առաքելություններում:

«Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը», - ընդգծել է Շահսուվարյանը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Ավելի վաղ Կովալենկոն զբաղեցնում էր Վրաստանում ՌԴ դեսպանի պաշտոնը:-0-