Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության էությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

13.07.2009, 10:55
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության էությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության էությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության էությունը, կարծում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ղարաբաղյան հակամարտությունն առաջացել է Ադրբեջանի ուժային քաղաքականության պատճառով, որը սկզբում փորձում էր վախեցնել Ղարաբաղի ժողովրդին, իրականացնում էր էթնիկ զտումներ, ինչից հետո սկսվեց լայնամասշտաբ պատերազմ: Այդ հակամարտության մեջ ագրեսորը հենց Ադրբեջանն էր, որն այսօր փորձում է խեղաթյուրել իրականությունը», - ասել է Քոչարյանը լրագրողներին Ստեփանակերտում:

ՀՀ ԱԳ փոխնախարարը նաև հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտությանն Ադրբեջանի կողմից մասնակցում էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև 1,5-2 հազ. թալիբներ և Շամիլ Բասաևի ահաբեկչական խմբավորումը:

Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների վերջին հայտարարությունը խրախուսում է հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի խեղաթյուրված մոտեցումը:

«Դա երաշխիք չէ, որ մենք իրոք կարող ենք գնալ կարգավորման», - ասել է Քոչարյանը:

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վերացնել իրենց միջև առկա որոշ տարաձայնությունները և ավարտել այդ հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որը կկազմի կարգավորման համապարփակ ծրագիրը»,- ասվում է Աքվիլայում ընդունված փաստաթղթում:

Հայտարարությունում Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հաստատել են «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը»։

 Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց:

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները: Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը:

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ:

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-