«Թուրքական աշխարհ, Կովկաս և Իրան. Քաղաքակրթությունների փոխներթափանցման խաչմերուկ» միջազգային յոթերորդ համաժողովը կանցկացվի Հայաստանում հուլիսի 10-12-ը

09.07.2009, 15:46
«Թուրքական աշխարհ, Կովկաս և Իրան. Քաղաքակրթությունների փոխներթափանցման խաչմերուկ» միջազգային յոթերորդ համաժողովը կանցկացվի Հայաստանում հուլիսի 10-12-ը

«Թուրքական աշխարհ, Կովկաս և Իրան. Քաղաքակրթությունների փոխներթափանցման խաչմերուկ» միջազգային յոթերորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում հուլիսի 10-12-ը, տեղեկացրեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։

«Համաժողովի նպատակն է Կենտրոնական Ասիայից մինչև Արևելյան Եվրոպա և Հարավային Ռուսաստանից մինչև Իրան ընկած տարածքի աշխարհաքաղաքակրթական դերը համաշխարհային պատմության ողջ ընթացքում վերհանելը, վերլուծել գլոբալիզացիայի հետևանքները տարածքային փոխհամագործակցության ներկայի վրա և կանխատեսել զարգացումների ընթացքը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ասատրյանը։

Նրա խոսքերով՝ այս տարի համաժողովը կունենա շուրջ 100 մասնակից 21 երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Չինաստանից, Իրանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Իսրայելից և Ղրղզստանից։

Ասատրյանը նշեց, որ Հայաստան կժամանեն արևելագիտության, հայագիտության, իրանագիտության, թուրքագիտության, կովկասագիտության, մշակութաբանության, կրոնագիտության, ազգագրության բնագավառների աշխարհահռչակ գիտնականներ։

Նրա խոսքերով՝ համաժողովի մասնակիցները թեմատիկ խմբերում կքննարկեն լեզվական, պատմական, սոցիալ-մշակութային, քաղաքակրթական, հոգևոր-մշակութային հարցեր։

Համաժողովի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն մի քանի լեզուներով։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել երկու տարին մեկ անգամ։

Համաժողովի կազմակերպիչներն են «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականը (BRILL: Leiden-Boston), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը, «ARMACAD» Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան, Նյու Յորքի համալսարանի Իրանալեզու հանրույթների ուսումնասիրության միջազգային ընկերակցությունը  և «Պարթև» հայ-թուրքմենական համագործակցության կենտրոնը։ -0-