Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանը համարում է մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահը հայտարարել է երկուշաբթի Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիի հետ հանդիպման ժամանակ:
«Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը ևս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով և իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից:
Նախագահ Սարգսյանը և Սուրբ Աթոռի նվիրակը խոսել են Հայաստանի ու Վատիկանի փոխհարաբերությունների մասին, արտահայտվել դրանց հետագա ընդլայնման օգտին:
Սերժ Սարգսյանը ողջունել է նաև Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև հաստատված փոխգործակցությունը: Գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտին այն համարել է լավագույն համագործակցության օրինակ:-0-