Համաներում հայտարարելով հայկական իշխանությունները ցուցաբերեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին. ՀՀԿ

24.06.2009, 14:17
Համաներում հայտարարելով հայկական իշխանությունները ցուցաբերեցին իրենց  հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաներում հայտարարելով  հայկական իշխանությունները հավատարմություն են ցուցաբերել ժողովրդավարական արժեքներին, կարծում է իշխող ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Իշխող ՀՀԿ-ն, քաղաքական կոալիցիան՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քաղաքական կամք դրսևորեցին, ցույց տվեցին, որ  կարող են մարդասիրական արարքներ գործել, լինել հանդուրժողական ու պատրաստ են երկխոսության գնալ»,- ասաց Շարմազանովը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով՝ Հայաստանում անցել են քաղաքական ճնշումների ժամանակները, և հայկական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ժողովրդավարական արժեքների կողմնակից են։  

«Ընդ որում հայկական իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացնում ոչ թե ելնելով եվրոպական այս կամ այն կառույցի խնդրանքից կամ հորդորից, այլ այն պատճառով, որ մեզ համար ժողովրդավարական արժեքների զարգացումը ներքին պահանջմունք է, և մենք դա անում ենք մեր երկրի զարգացման համար»,- ընդգծեց Շարմազանովը։

Նա նշեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման լայնամասշտաբ համաներում առաջին անգամ է հայտարարվել, և այդ փաստը ոչ միանշանակ արձագանք է գտել։  

«Քաղաքական ուժերի և հասարակության մի մասը կարծում է, որ սա շատ կարևոր իրադարձություն է, բայց կան ընդդիմադիր ուժեր, որ այս հարցը կասկածի տակ են առնում, և դա նրանց իրավունքն է»,- հավելեց պատգամավորը։  

Նա համոզմունք հայտնեց, որ համաներումն, այդուհանդերձ, դրական քաղաքական հետևանքներ կունենա։

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն`ազատություն ստացան ընդդիմության շատ ներկայացուցիչներ, որոնք ազատազրկվել էին 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:--0--