«Որոգայթ» հայկական քրեական հեռուստասերիալի աստղեր Արամ Միսկարյանն ու Գեղամ Խանդիլյանը նախօրեին զոհվել են ավտովթարի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում: BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ են եղել դերասանները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:
«36-ամյա Արամ Միսկարյանն ու 35-ամյա Գեղամ Խանդիլյանը տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը՝ 26-ամյա Էդգար Տեր-Ադամյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց», - ասվում է տեղեկատվության մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որի ուժերով մեքենայից դուրս են բերվել տուժածն ու զոհվածները:
Բժիշկները Տեր-Ադամյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:-0-