Միջազգային փորձագետները զեկույց են պատրաստում Հայաստանում կենսաչափական տվյալներով էլեկտրոնային անձնագրեր ներմուծելու մասին

18.06.2009, 17:11
Միջազգային փորձագետները զեկույց են պատրաստում Հայաստանում կենսաչափական տվյալներով էլեկտրոնային անձնագրեր ներմուծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային փորձագետները զեկույց են պատրաստում Հայաստանում կենսաչափական տվյալներով էլեկտրոնային անձնագրերի ներմուծման մասին, ասվում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:  

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ԵԱՀԿ-ի փորձագետներին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման ընթացքին:

Հանդիպման ընթացքում Տերտերյանը ներկայացրեց այս ուղղությամբ կատարված աշխատանքները: ՏԿՆ առաջին տեղակալը նշեց, որ նախարարությունը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն այս գործընթացն իրականացնելու համար:

Տերտերյանը նաև վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ-ի և ՄՄԿ-ի փորձագետների աջակցությամբ այս կարևոր գործընթացը հաջողությամբ կիրականացվի: Մանավանդ Արևելյան գործընկերության և Եվրամիության մի շարք նախաձեռնություններով ազատ տեղաշարժը դիտվում է որպես հասարակությունների շփման հիմնական ուղի:

Միջազգային փորձագետ Բարի Կեֆաուվերի խոսքով՝ այս հանդիպումն ավելի հստակեցրեց իր պատկերացումները գործընթացի վերաբերյալ: Փորձագետների խումբը Հայաստանում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ զեկույց է պատրաստելու:

Կեֆաուվերը նշեց, որ իրենք կփորձեն հնարավորինս օգտակար և անկեղծ զեկույց պատրաստել:-0-