Հայաստանը ձգտում է համագործակցության իր բոլոր հարևանների հետ՝ չմոռանալով իր անցյալը. ՀՀ նախագահ

18.06.2009, 15:40
Հայաստանը ձգտում է համագործակցության իր բոլոր հարևանների հետ՝ չմոռանալով իր անցյալը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ձգտում է արդյունավետ համագործակցության իր բոլոր հարևանների հետ՝ չմոռանալով իր անցյալը, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ու նրա կնոջ՝ Ասմա Ալ-Ասադի պատվին տված ընթրիքի ժամանակ:

«Այսօր մեր հայացքն ուղղված է ապագային։ Չմոռանալով անցյալը` մենք ձգտում ենք մեր բոլոր հարևանների հետ արդյունավետ համագործակցության` ի բարօրություն մեր երկրի, ողջ տարածաշրջանի, գալիք սերունդների, հանուն խաղաղության»,- ասել է ՀՀ նախագահը:

Հայաստանը լարված հարաբերությունների մեջ է իր չորս հարևաններից երկուսի հետ. Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատճառով և Թուրքիայի հետ, մասնավորապես, Ղարաբաղյան հարցում Անկարայի ադրբեջանական դիրքորոշումը սատարելու, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի Հայոց  Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքի պատճառով: -0-