ՀայՌուսգազարդ ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն իր խորին ցավակցությունն է հայտնել նախօրեին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում դժբախտ պատահարի զոհ դարձած չինացի մասնագետների մահվան կապակցությամբ, հաղորդվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում:
«ՀայՌուսգազարդե Ընկերության և անձամբ իր անունից Կարապետյանը ցավակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզյուին Խունին` խնդրելով անկեղծ վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին», - ասվում է տեղեկատվության մեջ:
Չորս չինացի մասնագետները զոհվել են նախօրեին Հրազդանի ՋԷԿ-ում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ՝ ընկնելով 26 մ բարձրությունից: Ողբերգության պատճառը, ըստ երևույթին, անվտանգության տեխնիկայի խախտումն է:
2006 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր, համաձայն որի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք է բերում Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ակտիվները՝ նրա շինարարությանն և արդիականացմանն ուղղված աշխատանքներն ավարտելու պարտավորությամբ: Մրցակցային հիմքի վրա շինմոնտաժային աշխատանքների հիմնական կապալառու է ընտրվել է «Ջերմաէներգաշինմոնտաժ» թիվ 3 տրեստը (ՉԺՀ), որը միաժամանակ ապահովում է անհրաժեշտ բոլոր նախահաշիվային և ծախսվող նյութերի մատակարարումը:
«Հրազդան-5» ծրագրի իրագործումն անմիջականորեն կապված է կարևոր նշանակություն ունեցող Իրան-Հայաստան գազատարի կառուցման հետ: Մասնավորապես, համաձայնագրի համաձայն՝ «Հրազդան-5» էլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի Իրանի էներգահամակարգ՝ դառնալով Հայաստան ներկրվող իրանական գազի դիմաց վճարման միջոց:-0-