Ուրբաթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հունիսի 12-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու 111-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել Կարեն Հարությունյանին պատկանող «Օփել» մակնիշի և Հայկ Կարապետյանին պատկանող «Ռենջ Ռովեռ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենջ Ռովեռ» մակնիշի մեքենան շրջվել է ձորը:
Ավտովթարի հետևանքով «Օփել» մակնիշի մեքենայի վարորդ, 27-ամյա Կարեն Հարությունյանը, ուղևորներ` 47-ամյա Անահիտ Հարությունյանը, 25-ամյա Սրբուհի Գրիգորյանը և «Ռենջ Ռովեռ» մակնիշի մեքենայի վարորդ Հայկ Կարապետյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ «Օփել» մակնիշի մեքենայի ուղևոր, 43-ամյա Թամարա Հարությունյանը տեղում զոհվել է:
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:
Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը բավարար է: -0