ՀՀ խորհրդարանի շենքում կայացավ գերմանացի երաժիշտների եզրափակիչ համերգը

12.06.2009, 18:20
ՀՀ խորհրդարանի շենքում կայացավ գերմանացի երաժիշտների եզրափակիչ համերգը

Գերմանացի տենոր Քրիստոֆ Շեբենի և դաշնակահար Ստյուարտ Էմերսոնի եզրափակիչ համերգը հունիսի 12-ին կայացավ ՀՀ խորհրդարանի շենքում, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած համերգի ժամանակ հնչեցին մեծանուն կոմպոզիտորներ Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից:

Համերգին զուգահեռ բացվել էր Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի` Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:
 
Միջոցառմանը ներկա էին  ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԳԴՀ դեսպանությանը և անձամբ դեսպան Անդրեա Վիկտորինին` հույս հայտնեց, որ նման գեղեցիկ միջոցառումները կլինեն շարունակական:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձում մասնավորապես ասվում էր, որ հայ-գերմանական կապերն ունեն փառահեղ պատմություն: Դեռևս Սրբազան Հռոմեական Կայսրության ժամանակաշրջանում արձանագրվել էին հայ-գերմանական սերտ շփումներ: «Գերմանիայի օրինակին պետք է հետևեն մեր հարևանները և սթափ վերագնահատեն իրենց պատմությունը»: Վերջում Աբրահամյանը հույս հայտնեց, որ հայ-գերմանական բարեկամությունը շարունակելու է վերընթաց զարգացում ապրել:

Իր հերթին Հայաստանում ԳԴՀ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին  եւ  ներկա նախագահներ  Արմեն Աշոտյանին եւ Արտակ Դավթյանին` նախաձեռնությանն ընդառաջելու և  ջերմ ընդունելության համար, ինչը մեկ անգամ ևս հավաստում է երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները, նաև` խորհրդարանական մակարդակով:

Համերգի նախաձեռնողներն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:-0-