ՀՀ նախագահը մեծ հույսեր է կապում Երևանի ավագանու նորընտիր խորհրդի հետ

11.06.2009, 15:42
ՀՀ նախագահը մեծ հույսեր է կապում Երևանի ավագանու նորընտիր խորհրդի հետ
ՀՀ նախագահը մեծ հույսեր է կապում Երևանի ավագանու նորընտիր խորհրդի հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեծ հույսեր է կապում Երևանի ավագանու նորընտիր խորհրդի հետ։

«Նորընտիր ավագանու առջև այսօր ծառացած են իսկապես բարդ խնդիրներ, որոնց լուծումները պահանջելու են մեծ աշխատանք և նոր մոտեցումներ»,- հինգշաբթի Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդմնակալության ընթացքում ասաց պետության ղեկավարը։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է 65 անդամից։ Ավագանու անդամների տեղերի  50 տոկոսից ավելին  ստացած ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանը դարձավ Երևանի առաջին ընտրված քաղաքապետը:

ՀՀԿ-ն խորհրդում ստացավ 35 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17, ՀԱԿ-ը՝ 13 մանդատ: Միաժամանակ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից:

Նախագահի խոսքով, մեծ է Երևանի նշանակությունը Հայաստանի և ողջ հայության համար։ Այդ պատճառով է, որ մայրաքաղաքի զարգացման հետ կապված խնդիրները, լինեն դրանք քաղաքաշինության, թե բնապահպանության վերաբերյալ, միշտ էլ հասարակական մեծ հնչեղություն են ունեցել։

«Ավագանու անդամներին ընտրել են մարդիկ, ում համար Երևանը հարազատ տուն է, մարդիկ, ովքեր սիրում են իրենց քաղաքը և մտահոգ են նրա հիմնահարցերով։ Դուք հաջողություն կունենաք ձեր գործում, եթե առաջնորդվեք նույն սիրով։ Երևանը սիրող մարդիկ չեն կարող վնասել քաղաքին, Երևանը սիրող մարդիկ միայն սեր են տալու մայրաքաղաքին, իսկ սիրո արդյունքում միշտ միայն բարին է ծնվում»,- ասաց Սարգսյանը՝ դիմելով ավագանու խորհրդի անդամներին։

Նախագահը նշեց, որ սպառողական հոգեբանությամբ մոտենալ Երևանին, նրա շենքերին, զբոսայգիներին, հրապարակներին, նշանակում է քամել նրանից ինչ-որ հնարավոր է և դիմացը չտալ ոչինչ։ Նրա խոսքով, վաղուց արդեն եկել է հատուցելու ժամանակը։ Երևանն ակնկալում է ծնողական հոգատարություն ու խնամք, բայց նաև ակնկալում է որդիական ակնածանք։

Երկրի ղեկավարը կարծում է, որ Երևանում ձևավորվել է հարաբերությունների, շփումների որոշակի մշակույթ, որ հատուկ է միայն մեր քաղաքին։ Իսկապես, կան գեղեցիկ ավանդույթներ, որ արժե պահպանել ու զարգացնել, բայց կան նաև տգեղ, մեզ պատիվ չբերող երույթներ, որոնք շարունակվում են իներցիայով։

Մասնավորապես, նախագահի կարծիքով, վերջին շրջանում վարորդների վերաբերմունքը երթևեկության կանոնների նկատմամբ էապես փոխվել է, բայց, ցավոք սրտի, հետիոտների վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել:

Սարգսյանը նշեց, որ մայրաքաղաքի հիմնախնդիրների լուծումը երբեք չեն կապվում քաղաքական հայացքների, գաղափարախոսական տարբերությունների հետ:

«Կա նպատակ, և մոտեցումների տարբերություններ այդ նպատակին հասնելու ճանապարհների վերաբերյալ: Սրանից նպատակին հասնելու գործընթացը միայն շահելու էմ և շահելու է Երևանը»,- պարզաբանեց նախագահը:

Երկրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ մայրաքաղաքի խնդիրների հետևողական լուծումը դեպի լավը կփոխի հայկական պետության հատկանիշները, իսկ Երևանում տեղի ունեցող փոփոխությունները կազդեն երկրի շրջանների վրա։ -0-