Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 10-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր:
Բաղդասարյանն առաջարկել է Եվրամիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նպատակով կազմակերպել քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ռազմավարության հայեցակարգային դրույթները:
2009 թ.-ի հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը, որով սահմանվում են այն պահանջներն ու դրույթների շարքը, որոնք կարգավորում են ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցում հարաբերությունները, որոնց պահպանումը կապահովի մարդկանց և շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացվող ճառագայթման վնասակար ազդեցությունից։-0-