Հայաստանի քաղաքական իրավիճակը վերջնականապես կայունացել է, երեքշաբթի Մոսկվայում հայ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հայաստանի քաղաքական իրավիճակը վերջնականապես կայունացել է, հատկապես Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո, այն բանից հետո, երբ մենք ստացանք միջազգային դիտորդների դրական գնահատականը և այն բանից հետո, երբ ընդդիմությունը ստացավ շատ ավելի քիչ ձայն, քան նախագահական ընտրությունների ժամանակ», - ասել է վարչապետը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Մոսկվայից, վարչապետը նշել է, որ դա շատ կայունացրեց իրավիճակը։
«Նման ագրեսիվ ընդդիմություն, որը պատրաստ է գնալ քաղաքական անկայունության հանգեցնող գործողությունների, նման ճգնաժամային ներուժ Հայաստանում գոյություն չունի», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է լինելու 65 անդամից։
Հայկական ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել։
ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում հավաքել է 186 630 ձայն (46,1 տոկոս)։ 89 131 ձայնով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը, 69 140 ձայնով երրորդ տեղում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։
Մյուս կուսակցությունները հավաքել են 7 տոկոսից պակաս ձայն՝ այդ կերպ չհաղթահարելով Ավագանու խորհուրդ անցնելու համար անհրաժեշտ շեմը։
Միաժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց մանդատներից։
Եվրոպացի դիտորդները հայտարարել են, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները կազմակերպվել են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների առաքելությունը զգալի առաջընթաց է արձանագրել 2008թ.-ի սեպտեմբերին Հայաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատ։-0-