Վրաստանի և Հայաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան. ՀՀ ԱԳՆ

08.06.2009, 14:53
Վրաստանի և Հայաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան. ՀՀ ԱԳՆ
Վրաստանի և Հայաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան. ՀՀ ԱԳՆ

Վրաստանի և Հայաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների հիման վրա, երկուշաբթի Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նալբանդյանի խոսքերով, Վրաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման հիմնական թեման հունիսի 25-26-ը Երևանում նախատեսված Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու այցի նախապատրաստումն է եղել։

Վաշաձեն և Նալբանդյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իր վրաց գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է գործարարների հայցումներին՝ Փոթի նավահանգստից դեպի Երևան բեռների տեղափոխման բարձր սակագների վերաբերյալ։

Վրաստանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ ապագայում Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումները հաճախակի կկազմակերպվեն, ինչը կնպաստի հարաբերությունների խորացմանը։

Էդվարդ Նալբանդյանը հունիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Թբիլիսիում ծնված աշուղական պոեզիայի ներկայացուցիչ, ժողովրդական պոետ Սայաթ Նովայի հուշարձանի բացմանը։-0-