Հայ հանրահայտ պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի մասին գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում

05.06.2009, 15:20
Հայ հանրահայտ պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի մասին գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հանրահայտ պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի 80-ամյակին նվիրված  «Ջոն Կիրակոսյան. Անկախ պետականության և քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ  Հայաստանի Ազգային գրադարանում:

Կիրակոսյանի կյանքի և գործունեության մասին պատմող նյութեր, փաստաթղթեր, հուշեր և նամանկներ պարունակող գրքի հեղինակը նրա որդին է՝ պատմաբան, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

«Սա իսկապես արժեքավոր աշխատություն է, քանի որ այս գիրքը պատկերացում է տալիս ոչ միայն Կիրակոսյանի կենսագործունեության, այլ նաև հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացման կարևորագույն ժամանակաշրջանի մասին»,- ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

Նա հատկապես ընդգծեց Կիրակոսյանի վաստակը Հայոց ցեղասպանության հարցին միջազգային հնչեղություն հաղորդելու գործում:

Միջոցառման շրջանակներում Ջոն Կիրակոսյանը հետմահու պարգևատրվեց Հակոբ Մեղապարտի մեդալով:

Ջոն Սահակի Կիրակոսյանը (1929-1985) հայ պատմաբան է, քաղաքական և պետական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր: Կիրակոսյանի հիմնական աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանության, հայկական հարցի նոր և նորագույն պատմությանը:

1960-ից 1969 թվականներին Ջոն Կիրակոսյանը զբաղեցրել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 1975-1985թթ. եղել է Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար: -0-