Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մայիսի 25-27-ը ՀՀ Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում հակակոռուպցիոն կենտրոններ կբացի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ասոցիացիայի լրատվական կենտրոնից։
Ինչպես հաղորդվում է կազմակերպության տեղեկատվության մեջ՝ Ասոցիացիան բացում է կենտրոնները USAID-ի Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում։ Աշտարակ, Եղեգնաձոր և Հրազդան քաղաքներում գործող հակակոռուպցիոն կենտրոնների խնդիրն է մարզերի բնակչությանը հնարավորություն ընձեռել արձանագրելու իրենց հանդիպած կառուպցիոն դեպքերն ու բողոքներ ներկայացնել ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։
«Կենտրոններում կտրամադրվի անվճար իրավաբանական աջակցություն մարզերի բնակիչներին, կառույցները կբացահայտեն կառուպցիոն ռիսկեր պարունակող օրենքներն ու այդ օրենքների և որոշումների իրականացման թերությունները», -ասվում է տեղեկատվության մեջ։
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995 թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից։ Կազմակերպության առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը։-0-