Երևանում մեկնարկել է հանդբոլի միջազգային մրցաշարը

18.05.2009, 19:38
Երևանում մեկնարկել է հանդբոլի միջազգային մրցաշարը
Երևանում մեկնարկել է հանդբոլի միջազգային մրցաշարը

Երևանում երկուշաբթի մեկնարկել է  հանդբոլի «ՀՀ վարչապետի մրցանակ» կոչվող միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Իրանի ազգային հավաքականները և Հայաստանի երիտասարդական հավաքականը։

«Մենք ուրախ ենք, որ ՀՀ հանդբոլի ֆեդերացիան այնպիսի մրցումներ է անցկացնում, որոնք նպաստում են ինչպես Հայաստանում հանդբոլի զարգացմանն, այնպես էլ հայ հանդբոլիստների միջազգային կապերին»,- մրցաշարի բացմանն ասաց հանդբոլի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միխայել Վիդերերը՝ ողջունելով մրցաշարի մասնակիցներին։  

Նա հույս հայտնեց, որ նման մրցումներ Հայաստանում կանցկացվեն և այսուհետ։

Իր կողմից սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, մրցումների մասնակիցներին հաջողություն մաղթելով, նշեց, որ նման մրցումներն առաջին հերթին օգնում են երիտասարդ հանդբոլիստներին։  

ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ նախապես մրցաշարին պետք է մասնակցեր նաև Բելառուսի ազգային հավաքականը, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված է եղել հրաժարվել։ 

Նա նաև ընդգծեց, որ վերջին անգամ հանդբոլի միջազգային մրցաշար Հայաստանում անցկացվել է 1968թ.-ին։ 

Մրցաշարը կանցկացվի շրջանաձև համակարգով և կավարտվի մայիսի 20-ին։ -0-