ՀՀ Ազգային ժողովի նոր փոխխոսնակ է ընտրվել Սամվել Նիկոյանը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նոր փոխխոսնակ է ընտրվել Սամվել Նիկոյանը, ով փոխխոսնակի պաշտոնի միակ թեկնածուն էր։
Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր, նրանցից 104-ը կողմ է քվեարկել, 3-ը՝դեմ և մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
ՀՀ ԱԺ փոխխոսնակի ընտրվելու կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը նորընտիր փոխխոսնակին արդյունավետ աշխատանք մաղթեց։
Նիկոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գործընկերներին բարձր վստահության համար։
ՀՀ ԱԺ փոխխոսանկի պաշտոնը թափուր էր մնացել խորհրդարանում բոլոր ղեկավար պաշտոններից ՀՅԴ-ի հրաժարվելուց հետո։ Հետագայում ՀՅԴ-ն պահպանեց երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները՝ հրաժարվելով փոխխոսնակի պաշտոնից։
Նիկոյանի թեկնածությունն առաջ է քաշվել ՀՀԿ-ի կողմից, որը համապատասխան որոշում է ընդունել առավոտյան անցկացրած քննարկումների արդյունքում։ Նրա թեկնածության քվեարկությունը կկայանա օրվա ընթացքում։
Ինչպես երկուշաբթի խորհրդարանում նշեց ինքը Նիկոյանը, իր թեկնածության առաջադրումից հետո, ինքը մտադիր է հետևել փոխխոսնակի՝ կանոնադրությամբ սահմանված լիազորություններին։
«Ես անհրաժեշտ եմ համարում նաև կապ ապահովել երկրի իշխանության բոլոր մարմինների միջև։ Մեզ մոտ այսօր ձևավորված են բոլոր անհրաժեշտ գործիքները նման համագործակցության համար, որոնք պետք է լիովին գործածել»,- ասաց Նիկոյանը։
Սամվել Նիկոյանը ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում:
1982թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:
1982-1990թթ. աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում ճարտարագետ-կոնստրուկտոր, ավագ ճարտարագետ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1991-1994թթ. եղել է Աբովյանի շրջանի «Սալիկ» կոոպերատիվի նախագահ, 1995թ.` Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի բաժնի վարիչ,1998-2003թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրաակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:-0-