Հայաստանի առողջապահության նախարարը եկել է «Նաիրիտ» գործարանի մոտ

14.05.2009, 20:59
Հայաստանի առողջապահության նախարարը եկել է «Նաիրիտ» գործարանի մոտ

Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եկել է «Նաիրիտ» գործարանի մոտ, դեպքի վայրից  հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Նախարարը լրագրողներին հայտնեց, որ իր տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժել է մեկ մարդ, որը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Ավելի մանրամասն տեղեկատվություն Քուշկյանը խոստացավ տրամադրել տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո:

Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, տվյալ պահին բոլոր պատասխանատու անձինք գտնվում են գործարանի վարչական շենքում, որտեղ ընթանում է օպերատիվ քննարկում:

Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 17:40-ի սահմաններում: Կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։  Ոստիկանները շրջափակել են գործարանի շրջակա տարածքը:

«Շտապ օգնության» տվյալներով՝ երկու մարդ է զոհվել և չորսը վիրավորվել է, նաև բազմաթիվ մարդիկ են դիմել բուժօգնության՝ տարբեր աստիճանի այրվածքներով:

Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է գործարանի չորս աշխատակիցների որոնումը, որոնք պայթյունի պահին գտնվում էին արտադրամասում, սակայն զոհերի մասին հստակ տվյալներ փրկարար ծառայությունը դեռևս չունի:

 «Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։  

Գործարանի միջին ամսական հզորությունը 700-750 տոննա արտադրանք է կազմում, սակայն իրական ամսական ծավալները տատանվում են 900-950-ից մինչև 500 տոննա քլորոպրենային կաուչուկ։ -0-