Հայաստանը Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման պատճառներ չի տեսնում. ՀՀ պաշտպանության նախարար

14.05.2009, 13:00
Հայաստանը Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման պատճառներ չի տեսնում. ՀՀ պաշտպանության նախարար
Հայաստանը Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման պատճառներ չի տեսնում. ՀՀ պաշտպանության նախարար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի ձևաչափը փոխելու որևէ պատճառ Հայաստանը չի տեսնում, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանը կարևորում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունն և առկա ձևաչափի փոփոխման որևէ պատճառ չի տեսնում», - հինգշաբթի Երևանում ասաց Օհանյանը՝ ելույթ ունենալով «Վերագնահատելով անվտանգ միջավայրը Հարավային Կովկասում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ։

Միաժամանակ, նրա խոսքերով, տարածաշրջանը զուրկ չէ մարտահրավերներից և սպառնալիքներից, և Հայաստանի համար անմիջական ռազմական մարտահրավերներ են ղարաբաղյան հակամարտության առկայությունը և հակամարտող կողմերի միջև կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքերի բացակայությունը, Ադրբեջանի վարած ռազմականացման քաղաքականությունը, ռազմական ուժի կիրառմամբ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ձգտումը, Հայաստանի շրջափակումն ու տարածաշրջանում Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին, զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-