Հայաստանի վրա տեղեկատվական հարձակումներին դիմակայելու համար «Թեժ գիծ» է գործարկվել
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակական կապերի ու տեղեկատվության կենտրոնը նախաձեռնել է ստեղծել «թեժ գիծ»՝ համացանցում և տեղեկատվության այլ պաշտոնական աղբյուրներում հակահայկական ապատեղեկատվության տարածմանը հակազդելու համար, ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Կենտրոնի տրամադրած հաղորդագրության մեջ։
«Եթե համացանցում հանդիպել եք Հայաստանին կամ հայությանը վերաբերող ոչ օբյեկտիվ ու կողմնակալ տեղեկատվության, խեղաթյուրված փաստերի և ապատեղեկատվության, կոչ ենք անում ահազանգել «Թեժ գիծ»` [email protected] հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կենտրոնում նշեցին, որ «թեժ գիծը» կոչված է համացանցից և բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի Հանրապետության և հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաև ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ` այդ խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
«Ոչ ճշգրիտ, կողմնակալ, կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության տարածումը, հավաստի տեղեկատվության խեղման միջոցով հայերի և Հայաստանի մասին բացասական կարծիքի ձևավորումը լրջորեն վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունն ու ողջ հայության տեղեկատվական շահերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-