Հայ-ամերիկյան համագործակցությունը տարեցտարի զարգանում է և այժմ որակապես նոր փուլ է թևակոխում, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
«Մեր աշխատանքների օրակարգում ավելի ու ավելի հրատապ հարցեր են ներառվում։ Մենք հատուկ նշանակություն ենք տալիս ամերիկյան կողմի հետ համագործակցության զարգացմանը՝ հաշվի առնելով ամերիկյան կառավարության կողմից ցուցաբերվող մշտական աջակցությունը», - ասել է նա չորեքշաբթի տեղի ունեցած հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստի ժամանակ։
Նիստի ընթացքում քննարկվում են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և Ֆինանսական ոլորտի ուժեղացման ծրագիրը, տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունները էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և հեռահաղորդակցության ոլորտներում, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ինչպես նշեց նախարարը՝ կես տարի առաջ տեղի ունեցած խմբի վերջին նիստից հետո արդեն նկատվել են որոշակի տեղաշարժեր որոշ ծրագրի իրագործման ուղղությամբ, մասնավորապես՝ հարկային և մաքսային ոլորտում։ Երիցյանը շնորհակալություն հայտնեց ամերիկացի գործընկերներին այդ ոլորտներում նրանց տրամադրած առաջարկությունների համար։
Նա առաձնահատուկ կարևորեց Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի իրագործման շարունակությունը՝ ընդգծելով, որ չնայած որոշ դժվարություններին՝ դրական գործոն է համարվում կառավարման վերաբերյալ գիտելիքների և փորձի մշտական փոխանակումը։
2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման համար կհատկացվի 108 միլիոն դոլար։ 2008 թ.-ին հանրապետությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից փաստացի ստացել է 28 միլիոն դոլար։
«Համոզված եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումը մեր համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի վրա», - հավաստեց Երիցյանը՝ առանձնահատուկ կարևորելով տարածաշրջանային համագործակցուևթյան հարցերի քննարկումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2008 թ.-ին կազմել է ավելի քան 272,6 միլիոն դոլար, ընդ որում դեպի ԱՄՆ հայկական ապրանքների արտահանումը կազմել է ավելի քան 52,8 միլիոն դոլար, իսկ ներկրումը գերազանցել է 219,8 միլիոն դոլարը։-0-