Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն անընդունելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների խիստ գաղտնիությունը։
«Բանակցային գործընթացը, բնականաբար, պետք է գաղտնիության տարր պարունակի, սակայն այսօր գաղտնի է պահվում բանակցությունների ողջ գաղափարախոսությունն ու ուղղվածությունը։ Եթե համաձայնություն կա նույնիսկ ամենափոքր հարցի շուրջ, ապա այն պետք է հրապարակվի», - երեքշաբթի լրագրողներին ասաց Շահնազարյանը։
Նրա խոսքերով, այսօր այդ փաստաթուղթը Հայաստանում գտնվում է «յոթ կնիքների ետևում», և եթե հասարակությունը որևէ բան է իմանում բանակցային գործընթացի մասին, ապա դա իմանում է թուրքական մամուլից։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանն իր հերթին ասաց, որ դիվանագիտությունը նախատեսում է գաղտնի գործընթաց, սովորաբար այլ կերպ չի լինում, սակայն այս դեպքում խնդիրը կայանում է նրանում, որ «հասարակությունը չի վստահում իշխանության ներկայացուցիչներին»։
«Եթե հասարակությունը վստահում է իշխանություններին, ապա հանգիստ հետևում է բանակցությունների գործընթացին և վատ է, որ մենք տեղեկատվություն ենք ստանում օտարերկրյա աղբյուրներից», - հայտարարեց Փափազյանը։
Նա նշեց, որ բանակցային գործընթացը համալիր հասկացություն է և «ոչինչ համաձայնեցված չէ մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի» սկզբունքը ճիշտ է։ Փափազյանի կարծիքով, այն, որ փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել, նշանակում է, որ այն ամբողջովին համաձայնեցված չէ։
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0—