ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից, Մերկելը պատրաստակամություն է հայտնել հնարավորինն աջակցել այդ գործընթացին:
Նմանատիպ հայտարարություն է արվել նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների կողմից ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 22-ին հանդես են եկել հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարությամբ, որում ասվում է «ճանապարհային քարտեզի» հաստատման մասին։
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-