Երկուշաբթի մայրաքաղաքում մեկնարկել է Դաշնակցության՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։
Մայիսի 31-ին կանցկացվեն Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։
Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:
«Այսօր մենք հայտարարում ենք նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Այդ ընտրությունները պետք է նոր էջ բացեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, և շատ կարևոր է, որ այդ ընտրությունների նշանակությունը ճիշտ ընկալվի Երևանի բնակիչների կողմից»,- հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա, Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ պետք է ընտրողներին ճիշտ մատուցի կուսակցության ամբողջ ծրագիրը։ Իր հերթին Դաշնակցության նախընտրական ցուցակում առաջինը ներկայացված ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ մայիսի 2-ին կուսակցությունը կազմակերպել է ծառատունկի խորհրդանշական ակցիա։ «Դրանով մենք կամեցանք արտահայտել բարեկարգ Երևան ստեղծելու մեր վճռականությունը»,- ասաց նա։
«Մեր նախընտրական ծրագիրը վերաբերում է Երևանի բազմաթիվ ցավոտ խնդիրներին՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական»,- հայտարարեց Մինասյանը։
Նրա խոսքերով, ՀՅԴ-ն ծանոթ է բոլոր առկա խնդիրներին և դրանց լուծման ծրագիր է մշակել:
ՀՅԴ ընտրացուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են հայկական խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ճարտարապետ Ալբերտ Աճեմյանը, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը։ -0-