Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը կմասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ` մասնակցելու ս.թ. հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման և այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում տեղի կունենա նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման հարցը:
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կուրմանբեկ Բակիևը:-0-