Հայաստանի հասարակական կազմակերպությունները Երևանի մարտյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով են ստեղծում

17.06.2008, 18:50
Հայաստանի հասարակական կազմակերպությունները Երևանի մարտյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով են ստեղծում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել Երևանի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումանսիրելու քաղաքացիական հանձնաժողով ստեղծելու առաջարկով։

Հանձնաժողովի նախաձեռնողների խմբում, մասնավորապես, ընդգրկված են Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակը, «Միջնաբերդ» հասարակական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլը»։

«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարումը ոչ միայն Հայաստանի պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության խնդիրն է»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սակունցը։

Սակունցը նշեց, որ իրադարձությունների ուսումնասիրությունից հետո քաղաքացիական հանձնաժողովը կկազմի և կհրապարակի այլընտրանքային զեկույց։

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը մտադիր է մարտի սկզբի իրադարձությունների և հետագա գործընթացների մասին միասնական տեղեկատվական բազա ստեղծել»,- տեղեկացրեց նա։

Նրա խոսքով, նախօրեին ձևավորված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը չի կարող օբյեկտիվորեն ուսումնասիրել մարտյան իրադարձությունները։

«Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մարդիկ, որոնց լուռ համաձայնությամբ տեղի ունեցան մարտյան իրադարձությունները, կամ էլ նրանք գործուն մասնակցություն են ունեցել այդ իրադարձություններին»,- կարծում է նա։

ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի որոշում են ընդունել Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունները և դրանց պատճառներն ուսումնասիրելու համար ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է 11 մարդ՝ երկուական մարդ խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներգրավվելու են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը և այլ արտախորհրդարանական ուժեր, որոնք կարող են նիստերին մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։--0—