Հայաստանում հրատարակվել է «Շախմատի հսկաներ» գիրքը՝ համանուն մրցաշարի նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում լույս է տեսել «Շախմատի հսկաներ» վերնագրով գիրքը՝ հունիսի 8-15-ը կայանալիք «Շախմատի հսկաներ. Երևան 2008» շախմատի միջազգային մրցաշարի կապակցությամբ։
Գրքի հեղինակը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանն է։ Նա նաև ՖԻԴԵ-ի տարածաշրջանային հինգերորդ գոտու նախագահն է և ՖԻԴԵ-ի զանգվածային լրատվամիջոցների հետ կապի հանձնաժողովի նախագահը։
Գրքում մրցաշարի մասնակիցների՝ աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստներ Լևոն Արոնյանի (Հայաստան), Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի (Հայաստան), Ալեքսանդր Մորոզևիչի (Ռուսաստան), Պետեր Լեկոյի (Հունգարիա), Մայքլ Ադամսի (Անգլիա), Բորիս Գելֆանդի (Իսրայել), Բու Սյանչժիի (Չինաստան) կենսագրական տվյալներն են, ինչպես նաև շախմատիստների նախորդ հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվություն, բազմաթիվ լուսանկարներ, վիճակագրական նյութեր։
Մրցաշարերը կայանալու են Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ օրական երկու հանդիպում։ Մրցաշարի գլխավոր դատավորը Աշոտ Վարդապետյանն է (Երևան)։
«Շախմատի հսկաներ» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար դոլար։ Հաղթողը կստանա 70 հազ. դոլար, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրները՝ համապատասխանաբար, 50 և 40 հազար դոլար։
Հիմնական հանդիպումների հետ զուգահեռ տեղի կունենա արագ շախմատի բաց մրցաշար, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 33 հազար դոլար։-0-