Խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու իրական հիմքեր միշտ կան. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու իրական հիմքեր միշտ կան, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Պետք է լավատես լինել առաջընթացի հարցում, այդ հնարավորությունը միշտ գոյություն ունի, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կդրսևորեն իրենց կողմերը այդ բանակցությունները ժամանակ։ Ինչ վերաբերում է մեր կողմին, ապա համոզված եղեք, որ, իսկապես, խաղաղ գործընթացը կշարունակվի, և մենք կգտնենք լուծումը», - ասաց նա հինգշաբթի լրագրողներին։
Նալբանդյանի խոսքերով, դիվանագիտության մեջ պետք է եզրեր գտնել՝ հարցերի լուծման համար, այլ ոչ թե հարձակվել միմյանց վրա։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ։
«Կան մի քանի սկզբունքներ, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում, այդ առաջարկությունների հիման վրա մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները», - ավելացրեց նա։
Գոյություն ունեցող պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-