ՀՀ ԿԸՀ-ն գրանցել է «Օրինաց երկրի» երկու պատգամավորների՝ կառավարություն գնացածների փոխարեն

23.04.2008, 18:41
ՀՀ ԿԸՀ-ն գրանցել է «Օրինաց երկրի» երկու պատգամավորների՝ կառավարություն գնացածների փոխարեն

ՀՀ ԿԸՀ-ն «Օրինաց երկրից» կառավարություն գնացած երկու պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի փոխարեն որպես պատգամավոր գրանցել է Խաչիկ Հարությունյանին և Արծրունի Աղաջանյանին։ Ապրիլի 21-ին Շահգելդյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար, իսկ Սարգսյանը՝ տրանսպորտի և կապի նախարար։
 
ԿԸՀ որոշումն ընդունվել է ԱԺ արձանագրությունների հիման վրա, որոնցով ուժը կորցրած են համարվել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Մհոր Շահգելդյանի և Գուրգեն Սարգսյանի լիազորությունները։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հաղորդեց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, հանձնաժողովի որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ՕԵԿ վեց անդամների ինքնաբացարկի մասին դիմումները, որոնք համամասնական ցուցակում հետևում էին Շահգելդյանին և Սարգսյանին, ինչպես նաև ելնելով Ընտրական օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ կետից (ԱԺ պատգամավորի մանդատը, որն ընտրվել է համամասնական համակարգով և ժամկետից շուտ դադարեցնում է լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, մեկ շաբաթվա ընթացքում փոխանցվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակում հաջորդ անդամին)։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ինքնաբացարկ հայտարարած վեցից մեկը՝ Գեղամ Գասպարյանը, ԿԸՀ գրություն էր ուղարկել, որ ինքը չի ստորագրել ինքնաբացարկի մասին դիմումի տակ։

Բախչագուլյանը նաև տեղեկացրեց, որ Վիկտորիա Հարությունյանը, որը համամասնական ցուցակում նշված վեց անդամներից անմիջապես հետո էր նշված, նույնպես հայտարարություն է ուղարկել, որ ինքնաբացարկ չի ներկայացրել։

Նրա խոսքով, համապատասխան դիմումները կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ գործի հանգամանքները պարզելու համար։

«Մենք ստիպված էինք գրանցել պատգամավորներին, քանի որ ըստ օրենքի, ԿԸՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է պատգամավորներ գրանցել մանդատները հանձնածների փոխարեն»,- պարզաբանեց Բախչագուլյանը։
 
ՀՀ նախագահին առնընթեր Անվտագության խորհրդի քարտուղարի պաշտոնում սպասվող նշանակման կապակցությամբ «Օրինաց երկիր» խմբակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի պատգամավորական տեղը նույնպես թափուր կմնա։

«Օրինաց երկիր» խմբակցությունը խորհրդարանում ութ պատգամավորական մանդատ ունի։ Հայաստանում մարտի 21-ին ձևավորվել է նոր քաղաքական կոալիցիա, որում Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի» և ՀՅԴ-ի հետ միասին ընդգրկվել է նաև «Օրինաց երկիրը», որը ստացել է նախարարկան երկու պորտֆել և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։--0--