Հայաստանում կհրատարակվեն Խորեն Ա Կաթողիկոսին նվիրված վավերագրական նյութերը

Հայաստանում կհրատարակվեն անտիպ վավերագրական նյութեր և լուսանկարներ՝ նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին, ով նահատակվել է ստալինյան ճնշման տարիներին՝ 1938 թվականին, հայտնեց Մայր Աթոռի արխիվի տնօրեն, քահանա Ասողիկ Կարապետյանը։
Այս մասին քահանա Կարապետյանն ասաց անցյալ կիրակի Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նահատակության 70-րդ տարելիցին նվիրված «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկոյի ժամանակ: Երեկոն անցկացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, այն կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային արխիվի կողմից, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսի կենսագրությանը, ազգային-եկեղեցական կյանքում ունեցած մեծ ավանդին ու եղերական մահվան հանգամանքներին անդրադարձան Եղիշե ավագ քահանա Սարգսյանը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Երեկոն շարունակվեց հայկական հնագույն երաժշտության «Շարական» համույթի կատարումներով և Խորեն Ա Մուրադբեկյանին նվիրված ֆիլմի ցուցադրումով։
Երեկոյի ավարտին ամենքին իր Հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը:
«Ազգընտիր Խորեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը բազմեց Լուսավորչի գահին` զորացնելու առաքելահիմն Հայոց Եկեղեցին, մեր բարեպաշտ նախնյաց օրինակով անմար պահելու լույսը քրիստոնեական հավատքի, իրագործելու համայն հայության նվիրական իղձերն ու երազանքները»,- ասաց Գարեգին Բ-ն:
Նա նշեց, որ «աստվածամարտ և եկեղեցամարտ բռնապետությունը, չկարողանալով ընկճել հավատքն ու ոգին արիասիրտ Հայրապետի, մահվան մատնեց Քրիստոսի հավատարիմ ծառային, բայց ի զորու չեղավ հայ ժողովրդի հոգում մոռացության մատնել բարի հիշատակը նահատակյալ Կաթողիկոսի և ժողովրդի սերը հանդեպ իր Հայրապետը»։
«Կան հիշատակներ, որոնք վեր են ժամանակի իշխանությունից` արձանագրվելով ոչ միայն ազգի պատմության ոսկե էջերում, այլ նաև յուրաքանչյուրի հավատավոր սրտում ու հոգում։ Այդպիսին է և այդպիսին պիտի լինի նահատակյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Խորեն Մուրադբեկյանի հիշատակը, քանզի բազմավաստակ Հայրապետը` իբրև Գրիգոր Լուսավորչի գահի արժանավոր ժառանգորդ, հերոսացավ ու հավերժացավ իր բոլորանվեր կյանքի ճանապարհին` պաշտպանելով Եկեղեցին Հայաստանյայց»,-ասաց Գարեգին Բ-ն։
Հուշ-երեկոյին կազմակերպվել էր նաև Խորեն Կաթողիկոսին առնչվող արխիվային փաստաթղթերի և նյութերի ցուցադրություն: -0-