ՀՀ Ոստիկանությունն առավել վճռական է լինելու՝ Երևանի անկարգությունների կազմակերպիչներին հայտնաբերելու գործում

11.03.2008, 11:45
ՀՀ Ոստիկանությունն առավել վճռական է լինելու՝ Երևանի անկարգությունների կազմակերպիչներին հայտնաբերելու գործում
ՀՀ Ոստիկանությունն առավել վճռական է լինելու՝ Երևանի անկարգությունների կազմակերպիչներին հայտնաբերելու գործում

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը պահանջել է աշխատակիցներից՝ ավելի վճռական լինել անցած հանգստյան օրերին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին ու մասնակիցներին հայտնաբերելու գործում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են Ոստիկանության մամուլի ծառայությունից, այդ պահանջը Հարությունյանը ներկայացրել է Ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների ղեկավարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված օպերատիվ խորհրդակցության ընթացքում։

«Անդրադառնալով մարտի 1-ի զանգվածային անկարգություններին և վերլուծելով հասարակական կարգի վերականգնման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումները՝ ոստիկանության պետը նշել է թերություններն ու բացթողումները, տվել է ոստիկանության աշխատանքի օպերատիվության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հանձնարարականներ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հարությունյանը շեշտել է, որ չնայած շրջանառվող նենգափոխումներին՝ ոստիկանության հանդուրժողականությունն իրավախախտների հանդեպ ոչ թե անվճռականության դրսևորում, այլ մոլորեցված քաղաքացիներին բացատրական աշխատանքով օրինականության դաշտ վերադարձնելու փորձ էր:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հարությունյանը մասնակիցներին հանձնարարել է լիարժեք իրացնել ոստիկանությանը վերապահված իրավունքներն ու լիազորությունները և զանգվածային անկարգություն հրահրողների նկրտումներին վճռական պատասխան տալ հանրապետություն կայունության վերականգմամբ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ շաբաթ լույս կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 131 մարդ, որոնցից 72-ը զինծառայողներ են։ Ութ մարդ զոհվել է հրազենային վնասվածքներից։-0-