Բանակի գեներալների՝ ընդդիմության կողմն անցնելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. Գլխավոր շտաբ

04.03.2008, 16:04
Բանակի գեներալների՝ ընդդիմության կողմն անցնելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. Գլխավոր շտաբ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տեղեկություններն այն մասին, թե Հայաստանի բանակի որոշ գեներալներ անցել են ընդդիմության կողմը, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Փետրվարի 21-ին Երևանում անցկացված հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանոթւյան երկու փոխնախարներ՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) նախագահ, և Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը։

«Լինելով բանակի գենելներից մեկը և ունենալով զինվորական ամենաբարձր կոչումը՝ կարող եմ հաստատել, որ բոլոր գեներալները, ովքեր ծառայում են հայկական բանակում, կատարում են իրենց վրա դրված գործառույթները, ղեկավարում են իրենց ենթակայության տակ գտնվող կառույցները և կատարում են իրենց պարտականությունները»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Օհանյանն ավելացրեց, որ տեղեկություն չունի այն մասին, որ բանակի գեներալներից որևէ մեկը ընդդիմության կողմ է անցել։

Ընդ որում, Գլխավոր շտաբի պետի խոսքերով, Մանվել Գրիգորյանն այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում, իսկ Գագիկ Մելքոնյանը բուժվում է հոսպիտալում և վաղը մտադիր է  կրկին վերադառնալ իր պարտականություների կատարմանը։

Գլխավոր շտաբի պետը մեկնաբանեց նաև ԵԿՄ-ից դուրս գալու մասին կայացրած իր որոշումը, ինչի մասին պաշտոնապես նշված էր նրա հայտարարության մեջ, որի տակ իրենց ստորագրություններն էին դրել նաև ԵԿՄ 13 անդամներ։

«ԵԿՄ շարքերից մեր դուրս գալով մենք մեր բողոքն ենք հայտնել այս կառույցի  ներկայացուցիչների՝ ներքաղաքական զարգացումներում ներքաշվածության և մեր ուժերի ու հնարավորությունների օգտագործման առնչությամբ»,- ընդգծեց Օհանյանը։

Փետրվարի 24-ին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և հայկական բանակի մի շարք գեներալ-մայորներ և գնդապետներ հայտարարել են «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության կազմից դուրս գալու մասին։ Նրանց հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Երկրապահ միության մի խումբ անդամներ առանց ԵԿՄ վարչության համապատասխան որոշման, սկսել է զբաղվել անվայել գործունեությամբ, որը վարկաբեկում է կազմակերպության նշանակությունն ու հեղինակությունը և խանգարում է անկախ Հայաստանի հանրապետության պետականության զարգացմանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ին առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-