ԱՊՀ երկրների փոստային օպերատորների համաժողովը տեղի կունենա Հայաստանում 2008թ. հունիսին
ԱՊՀ երկրների փոստային օպերատորների համաժողովը, որի կազմակերպիչն է Հայաստանի փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն, կանցկացվի Երևանում 2008թ. հունիսին։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը ընկերության աշխատակիցների և փոստային բաժանմունքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Համաժողովում ակնկալվում է Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի փոստային օպերատորների մասնակցությունը»,-ասաց նա։
Բոոնը նշեց, որ «Հայփոստ» ընկերության աշխատակիցներին Համագործակցության երկրների գործընկերների հետ փորձի փոխանակման, Հայաստանի ազգային օպերատորի հաջողություներն ու ձեռքբերումները, ինչպես նաև «Հայփոստը» որպես փոստային օպերատորի օրինակելի նմուշ ներկայացնելու հիանալի հնարավորություն կընձեռվի։
Բացի այդ, գլխավոր տնօրենի խոսքերով, «Հայփոստ» ՓԲԸ-ն ծավալուն աշխատանքներ է տանում միջազգային մակարդակի փոստային ծառայություններ մատուցող կառույցի վերակազմավորվելու համար։ «Մասնավորապես, մեր ընկերությունը նախագահի կարգավիճակով հրավիրվել է մասնակցելու Համաշխարհային անհատական փոստային ցանցի համաժողովին, որը տեղի կունենա 2008թ. մայիսին Բուդապեշտում»,-հայտնեց նա։
Բոոնը նշեց նաև, որ 2008թ. հունիսին Ժնևում տեղի կունենա Համաշխարհային փոստային համաժողովի նիստը։ «Մենք ուրախ կլինենք, եթե Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը մասնակցի համաժողովին և ներկայացնի «Հայփոստ» ՓԲԸ-ի ձեռքբերումները և հաջողությունների պատմությունը»,-ընգծեց Բոոնը։
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է, որն ունի 900 փոստային բաժանմունք ողջ հանրապետությունում։ Ընկերությունն ունի 4 հազ. աշխատակից։
«Հայփոստ» ընկերությունը հավատարմագրային կառավարման էր հանձնվել հոլանդական «Haypost Trust Management»-ին 2006թ. նոյեմբերի 30-ին։ Ստորագրված պայմանագրի համաձայն «Հայփոստ» ընկերությունը հինգ տարով հավատարմագրային կառավարման է հանձնվել՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարաձգելու իրավունքով։
«Haypost Trust Management»-ը (Ամստերդամ, Նիդերլանդներ) հիմնվել է հատուկ հավատարմագրային կառավարման ծրագրի իրականացման համար։ Ընկերությունը գործում է Post Finance International ձեռնարկության հետ գործընկերության շրջանակներում, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխման և արդիականացման մեջ։--0-