Վարդան Օսկանյանը անհիմն է համարում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը

12.02.2008, 10:55
Վարդան Օսկանյանը անհիմն է համարում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը
Վարդան Օսկանյանը անհիմն է համարում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնաբանություններով ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո` 2008 թ. փետրվարի 9-10-ը Անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 44-րդ համաժողովի ժամանակ։

«Աշխարհը քաոսի մեջ - ուժերի փոփոխում - ռազմավարությունների պակաս» խորագրի ներքո Էրդողանը խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ի պատասխան Օսկանյանը կրկին հաստատել է, որ Հայաստանը կողմնակից է, որպեսզի Թուրքիան դառնա ԵՄ լիիրավ անդամ՝ ցանկանալով ունենալ բաց սահմաններ և հաստատել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։

«Դուք հաստատեցիք ԵՄ լիիրավ անդամ դառնալու Ձեր հստակ դիրքորոշումը, որին կողմնակից ենք նաև մենք Հայաստանում: Մենք ցանկանում ենք հենց այդպիսի հարևան ունենալ: Բայց ինչպես Դուք գիտեք, այսօր սահմանը մեր երկու երկրների միջև փակ է. Թուրքիա΄յի կողմից», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միաժամանակ Օսկանյանը նշել է, որ Էրդողանը կրկին հաստատել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելու  երկու հիմնական պատճառաբանությունները կամ պատրվակները։ Առաջինը Հայաստանի ներգրավվածությունն է ԼՂ հակամարտության մեջ, երկրորդը՝ 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը: 

Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը հայերն ու ադրբեջանցիներն են, իսկ Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի բարոյական և պատմական պարտականությունն է։

«Պարոն վարչապետ, այս պահին մեր երկրները չեն պատերազմում, և պատերազմական իրավիճակում չգտնվելու պայմաններում, արդյոք այն պատճառները, որ Դուք մշտապես բերում եք, բավարա՞ր են արդարացնելու համար մեր երկու երկրների միջև սահմանների փակ լինելը», - հարցրել է Օսկանյանը Թուրքիայի վարչապետին։ 

ՀՀ արտգործնախարարի խոսքերով, Թուրքիան կարող է օգնել հասնելու ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ իր դրական ներգրավվածությամբ։ «Նորմալ փոխհարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը թույլ կտան քննարկել Հայաստանի և Թուրքիայի մոտեցումների տարբերությունները Ցեղասպանության խնդրի վերաբերյալ», - ընդգծել է Օսկանյանը։ 

Նրա խոսքերով, այժմ աշխարհում հետաքրքրական գործընթացներ են ընթանում, և Թուրքիան կարող է դառնալ բնական կամուրջ Կովկասի և ԵՄ ու ՆԱՏՕ-ի միջև: Ինչպես կարծում է Օսկանյանը, Թուրքիայի առավել դրական ներգրավվածությամբ տարածաշրջանում, բոլորի հետ հավասար, չեզոք հարաբերությունների կառուցմամբ այդ երկիրը առավել դրական դեր կխաղա հարաբերությունների կարգավորման համար Էրդողանի կողմից նշած խոչընդոտների վերացման հարցում։

Համաձայն մամուլի հաղորդագրության, վարչապետ Էրդողանը չի պատասխանել նախարար Օսկանյանի՝ աշխարհաքաղաքական իրավիճակի և հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցերին։

Փոխարենը նա կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը, ասել է, թե «1915թ. կոտորածները պատմականորեն ապացուցված չեն և պատմաբանների ու հնագետների խնդիրներն են»։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան, որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—