Մարտունի քաղաքում անհայտ անձինք անհարգալից բովանդակությամբ թռուցիկներ են տարածել վարչապետի հասցեին

12.02.2008, 10:39
Մարտունի քաղաքում անհայտ անձինք անհարգալից բովանդակությամբ թռուցիկներ են տարածել վարչապետի հասցեին

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անհայտ անձինք երկուշաբթի անհարգալից բովանդակությամբ թռուցիկներ են տարածել վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հասցեին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«2008 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից բովանդակությամբ թռուցիկներ է փակցրել Մարտունի քաղաքի բնակելի շենքերի պատերին՝ ուղղված  ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և Մարտունի քաղաքի մի շարք պաշտոնատար անձանց»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության  Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ Ոստիկանությունից տեղեկացրել էին Սերժ Սարգսյանի երկու մայրաքաղաքային շտաբների հրկիզման մասին։ Փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը անհայտ անձինք Մալաթիա համայնքում, պատուհանի ապակին կոտրելով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա են նետել «Հանրապետական» կուսակցության նախընտրական շտաբի տարածք։

Երկուշաբթի առավոտյան անհայտ անձինք Քանաքեռ-Զեյթուն համայնքում միտումնավոր կերպով հրկիզել են ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի շտաբի դուռը՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (հրկիզման, պայթյունի կամ այլ համընդհանուր վտանգ ներկայացնող միջոցներով գույքին դիտավորյալ վնասի հասցնում կամ ոչնչացում, նախատեսվում է չորս տարուց ոչ ավել ազատազրկում)։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։--0—