Հայաստանը և Բելառուսը կհամագործակցեն ֆինասնական մոնիտորինգի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Բելառուսի Հանրապետության Պետական վերահսկողության կոմիտեի Ֆինանսական մոնիտորինգի դեպարտամենտի միջև երկուշաբթի ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, համաձայնագրի նպատակն է պաշտոնապես ամրագրել երկու կողմերի միջև տեղեկատվության փոխանակման փորձը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ու փոխօգնության մեխանիզմները, որոնք առավել մեծ հնարավորություններ կընձեռեն ֆինանսական ոլորտում հետախուզական աշխատանքների իրականացման և կասկածելի գործերի մասին տեղեկատվության արագ փոխանակման առումով:
«Այս համագործակցությունը Հայաստանին թույլ կտա առավել արդյունավետ և կարգավորված զբաղվել հանցավոր եկամուտների օրինականացման ու ահաբեկչության ֆինանսավորման հակազդման գործունեությամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-