Հայ պատգամավորները և նախարարները նախընտրում են Ամանորը դիմավորել տանը

28.12.2007, 20:03
Հայ պատգամավորները և նախարարները նախընտրում են Ամանորը դիմավորել տանը
Հայ պատգամավորները և նախարարները նախընտրում են Ամանորը դիմավորել տանը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գալիք 2008 թվականը հայ պատգամավորները և կառավարության անդամները հիմնականում պատրաստվում են նշել տանը, ընտանիքում։ Նրանցից ոմանք «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել են ամանորյա երեկոյի իրենց ծրագրերի մասին։

«Դեղին մկան տարին», ինչպես Սուրբ Ծնունդը, դիմավորել ընտանիքի հետ
 
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ մտադիր է Դեղին մկան տարին, ինչպես և Սուրբ Ծնունդը, դիմավորել ընտանիքի հետ միասին։

Նա միաժամանակ նշեց, որ երկու տոներն էլ հավասարապես կարևոր է համարում։ «Նոր՝ 2008 թվականը ես դիմավորում եմ մարտական տրամադրությամբ, քանի որ մենք ոտնակոխում ենք նախագահական ընտրությունների կարևոր փուլ և այժմ, բնական է, պետք է պահպանել առույգությունը և ոգու ուժը»,-ասաց Հովհաննիսյանը։

Բացի այդ, փոխխոսնակը հույս հայտնեց, որ գալիք տարին ոչ միայն հաջողությունների տարիք կլինի, այլև զարգացման և առաջընթացի տարի՝ ողջ հայ ժողովրդի համար։

Խնդրանք Ձմեռ պապին. վերացնել նախանձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և պատգամավորական խմբակցության նախագահ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ժողովրդին ցանկացավ բարգավաճում և բարեկեցություն՝ գալիք տարում։

Ծառուկյանն ասաց, որ Ձմեռ պապից որպես նվեր կխնդրեր հասարակության միջից վերացնել նախանձը։ Նա հավելեց, որ մտադիր է ամանորյա նվերներ հանձնել 10 հազ. հայ երեխաների։

Նախարարներից ամենամշակութայինը շատ է սիրում տոնական ուտեստներ պատրաստել

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ ամանորյա գիշերը կանցկացնի տանը՝ ընտանեկան մթնոլորտում։ Նա ասաց, որ շատ է սիրում տոնական ուտեստներ պատրաստել։

«Մեր ընտանիքի ավանդույթներից մեկը 20 տարիների ընթացքում դարձել է հայկական ավանդական՝ խաղողի թփով տոլմայի պատրաստումը»,-ասաց նախարարը։

Սպորտի նախարարը չի կարող առանց դահուկների
 
Հայաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը ևս մտադիր է Նոր տարին դիմավորել տանը, ինչից հետո կմեկնի Ծաղկաձոր, որտեղ  դահուկ կքշի։

Հայրական տուն՝ Ամանորի տոներին

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ պատրաստվում է ողջ ընտանիքով մեկնել հայրական տուն՝ Ամանորը դիմավորելու։

«Ամեն ընտանիք իր ավանդույթներն ունի, և մենք, մեր ընտանեկան ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր Նոր Տարի ողջ ընտանիքով հավաքվում ենք մեր հայրական տանը, միասին դիմավորում ենք Նոր և հրաժեշտ տալիս Հին տարուն»,-ասաց Մովսիսյանը։

Նա ասաց, որ պահանջկոտ չէ ուտելիքի հարցում և նախապատվություն չի տալիս տոնական ուտեստներից ոչ մեկին։

Հայ ժողովրդին՝ կայունություն և կանխատեսելի ապագա

Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մտադիր է քաղաքից դուրս մեկնել, որպեսզի խուսափի հյուրերի մշտական հոսքից և հյուր գնալու ձանձրալի պարտականությունից։

«Ամանորի նախաշեմին Կրթության նախարարության աշխատակազմի համար կազմակերպվում է ոչ մեծ տոնակատարություն, ինչից հետո արդեն ոչ ոք պարտավոր  չէ շնորհավորանքների համար հյուր գնալ»,-հավելեց Մկրտչյանը։

«Մկան տարում» նախարարը հայ ժողովրդին ցանկացավ կայունություն և կանխատեսելի ապագա՝ նշելով, որ մարդկանց համար սովորաբար շատ կարևոր է իմանալ, թե ինչ կլինի իրենց հետ 5-10 տարի հետո։

Սիրում եմ պատրաստել, բայց ոչ այս անգամ

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ևս մտադիր է Ամանորը դիմավորել քաղաքից դուրս

«Ցանկանում եմ գնալ Ծաղկաձոր, քանի որ այնքան էլ չեմ սիրում այս ամանորյա իրարանցումը և հյուր գնալը։ Ես Նոր տարին համարում եմ լուսավոր, ընտանեկան տոն և ցանկանում են այն դիմավորել հանգիստ մթնոլորտում՝ ընտանիքիս հետ միասին»,-ասաց նախարարը։

Հարությունյանն ասաց, որ թեև երբեմն սիրում է պատրաստել, բայց այս տարի մտադիր չէ մասնակցել տոնական սեղանի պատրաստությանը։

«Մկան տարում» ցանկալի է կրել ծիրանագույն հագուստ և պարագաներ

Ինչպես կարծում են հայ ազգագրագետները, 2008 թ.-ին ցանկալի է կրել ծիրանագույն հագուստ և հագուստի պարագաներ։

Հին հայկական ծիսական կանոնների համաձայն, Նոր տարին պետք է դիմավորել կարմիր հագուստով կամ հագուստի մեջ պետք է լինի կարմիր որևէ տարր։

Կարմիր գույնը հայերի մոտ միշտ համարվել է կյանքի և կանացի սկզբի գույն՝ խորհրդանշելով կնոջը, որին ավանդույթներում և ծեսերում պատմականորեն մեծ դեր է հատկացվել։—0—