ՎԶԵԲ-ի ներդրումային փաթեթի ծավալը Հայաստանում կազմում է մոտավորապես 100 մլն. եվրո

14.12.2007, 16:35
ՎԶԵԲ-ի ներդրումային փաթեթի ծավալը Հայաստանում կազմում է մոտավորապես 100 մլն. եվրո

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներդրումային փաթեթի ծավալը Հայաստանում կազմում է մոտավորապես 100 մլն. եվրո։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնշտեյնը։

«Եվրոյի հանդեպ դոլարի փոխարժեքի տատանումից կախված՝ դոլարի համարժեքային ցուցանիշը կարող է գերազանցել այդ գումարի չափը»,- ասաց նա։

Վայնշտեյնը նաև նշեց, որ 2007թ.-ին ՎԶԵԲ-ը մեր երկրում ֆինանսավորել է 18 նախագիծ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 40 մլն. եվրո արժողությամբ, սակայն հաշվի առնելով տարածաշրջանային ծրագրերը՝ ՎԶԵԲ-ի ֆինանսավորման ընդհանուր ծավալը Հայաստանում կազմել է մոտավորապես 68 մլն. եվրո։

«Քանի որ նախորդ տարվա համեմատ սա բավական մեծ աճ է, կարելի է ասել, որ այս միտումը հույս է ներշնչում»,- ասաց նա։

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ դարձավ 1992թ. դեկտեմբերի 7-ին՝ 10 մլն, եվրո մասնաբաժնով։ Ներկայումս ՎԶԵԲ-ը տնօրինում է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի 25%+1 բաժնետոմսերը, իսկ 2007թ. դեկտեմբերից նաև մասնակցում է ProCredit Holding նոր բանկի կապիտալում՝ 1,2 մլրդ. դրամի չափով (3,2 մլն. դոլար), բանկի կապիտալում նրա մասնակցության մասը կազմելու է մինչև 20%։

ՎԶԵԲ-ը նաև մտնում է, մասնավորապես, Hytex Plastic ՓԲԸ-ի, շինանյութեր արտադրող  «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի, սառեցված մրգեր արտադրող «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ի, «Լիկվոր» դեղագործական ընկերության, ինչպես նաև «Սթար» սուպերմարկետների ցանցի բաժնետերերի կազմի մեջ։ ՎԶԵԲ ներդրումների ծավալն այս հինգ ձեռնարկություններում կազմել է մոտավորապես 15 մլն. դոլար։ --0—