ՀՀ ԱԺ խոսնակը «Արևիկ» համույթին պատվոգրեր հանձնեց
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը Նիդեռլանդներում կայացած մանկական Եվրատեսիլ-2007-ին մասնակցած «Արևիկ» մանկական համույթին խորհրդարանի պատվոգրեր հանձնեց։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով երեխաներին Եվրատեսիլում փայլուն հաջողության կապակցությամբ՝ Թորոսյանը ութ կատարողների հուշանվերներ հանձնեց։
Նա նշեց, որ անսամբլի փայլուն ելույթը եվրոպական բեմում կարևոր է մի շարք պատճառներով։
Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ «Արևիկի» հաջողությունը վերագրում են Սփյուռքի աջակցությանը, հաջողությունը նախևառաջ և հիմնականում ձեռք է բերվել նրանց աշխատանքի շնորհիվ։
Խոսնակի կարծիքով, նման հաջողությունները ոգևորում են մեր հայրենակիցներին, օգնում են առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները, և տարիներ անց պատանի երգիչները իրավամբ կկարողանան հպարտանալ երկրի զարգացման մեջ իրենց ունեցած ներդրմամբ։
«Եվ եթե երգի ասպարեզն էլ չընտրեք հետագայում, արդեն ձեռք բերած փորձն ու հմտությունները կօգնեն հաջողության հասնել»,-ասաց Թորոսյանը։
Հանդիպմանը ներկա էին գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը և Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը։
Նիդեռլանդներում տեղի ունեցած Eurovision Junior – 2007 մանկական միջազգային մրցույթում «Արևիկը» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։ Eurovision Junior – 2007 մրցույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին՝ Ռոտերդամում (Նիդեռլանդներ)։ Մրցույթին մասնակցեցին 17 երկրներից ժամանած 8-15 տարեկան պատանի երգիչ-երգչուհիներ և համույթներ։--0—