Երևանը և Մոսկվան ուղենշել են 2008-2011թթ. համագործակցության հիմնական ոլորտները
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008-2011թթ. Երևանի և Մոսկվայի միջև ծրագրվում է իրականացնել մի շարք համատեղ առևտրա-տնտեսական, հումանիտար և սոցիալական ծրագրեր, ինչպես նաև նախագծեր` մշակույթի, սպորտի, առողջապահության, կրթության ոլորտներում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս ծրագրերը կիրականացվեն երկու քաղաքների միջև 2008-2011թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում, որը ստորագրվել է Մոսկվայում՝ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի միջև։
Փաստաթղթի համաձայն, Երևանում Մոսկվայի տանը կից գործող Ռուսաց լեզվի ուսուցման կենտրոնը կհամալրվի նոր դասագրքերով, իսկ Մոսկվայում կբացվի Երևանի հետ համագործակցության և ինտեգրման կենտրոն։ Ծրագրված է նաև Մոսկվայում Երևանի տան կառուցումը, որի հիմնաքարը կդրվի 2008թ.-ին։
2005-2007թթ. Մոսկվա-Երևան համագործակցության շրջանակներում իրականացված նախագծերի թվում նշվել են, մասնավորապես, Երևանում Մոսկվայի տան, իսկ Մոսկվայում՝ «Երևան-պլազա» առևտրի կենտրոնի բացումը։
Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի այցը Մոսկվա տեղի ունեցավ 2007թ. դեկտեմբերի 6-8-ը։--0—