Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկի գրանցումը չի մերժվի. ԿԸՀ

07.12.2007, 16:58
Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկի գրանցումը չի մերժվի. ԿԸՀ

Հայաստանի նախագահի թեկնածուներից ոչ մեկի գրանցումը չի մերժվի։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչուգարյանը։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շնորհիվ, թեկնածուների գրանցման գործընթացը դարձել է մեխանիկական, և արդեն չկա ստորագրությունների պարտադիր քանակի ներկայացման և այլ ֆորմալ երևույթների անհրաժեշտություն»,-ասաց Բախչուգարյանը։

Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, թեկնածուների գրանցման գործընթացը կսկսվի ամանորյա տոներից հետո։

Նրա խոսքերով, ընտրություններն ընթանալու են նոր օրենքներով, մասնավորապես, հաշվարկների արդյունքները մշտապես ներկայացվելու են օն-լայն ռեժիմով ԿԸՀ կայքում։

«Բացի այդ, ԿԸՀ-ի շենքում ինտերնետ ցանցին միացված համակարգիչներով հատուկ սենյակ է լինելու լրագրողների համար, որտեղ նրանք կկարողանան աշխատել բոլոր հարմարություններով»,- ասաց Բախչուգարյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—