Միջխորհրդարանական կապերը կարող են կարևոր դեր խաղալ հայ-հունական համագործակցության զարգացման գործում. Հայաստանի խորհրդարանի խոսնակ

07.12.2007, 11:08
Միջխորհրդարանական կապերը կարող են կարևոր դեր խաղալ հայ-հունական համագործակցության զարգացման գործում. Հայաստանի խորհրդարանի խոսնակ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ միջխորհրդարանական կապերը կարող են կարևոր դեր խաղալ հայ-հունական համագործակցության զարգացման գործում։

Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Թորոսյանը հայտարարել է Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ հանդիպման ժամանակ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ հույն դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի երկու ժողովուրդների ու պետությունների բարեկամական կապերի խորացմանը:

Նա հայտարարել է, որ միջխորհրդարանական կապերի զարգացման համար պետք է մշակվեն կոնկրետ ծրագրեր` ելնելով երկու երկների խորհրդարանականների առաջարկություններից:

Հիշեցնելով մի քանի ամիս առաջ Հունաստանի նախագահ Կարոլիաս Պապուլիասի այցը Հայաստան` խոսնակը նշել է, որ այն առիթ դարձավ ևս մեկ անգամ արձանագրելու բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունն ու համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները, որ ստեղծվել են երկու երկրների տնտեսական զարգացման շնորհիվ:

ԱԺ նախագահն իրազեկել է, որ չորրորդ գումարման Աժ-ում արդեն ստեղծվել է Հունաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ:

Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը նշել է, որ իր համար պատիվ է Հայաստանում նշանակումը և ինքը նպատակ ունի պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի զարգացմանն իր նպաստը բերել:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել ԱԺ նախագահի՝ համագործակցության մասին առաջարկները հույն պատգամավորներին և վստահ է, որ Հունաստանի խորհրդարանից արագ արձագանք կունենա, որովհետև իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու տպավորված է Հայաստանի քաղաքական ու տնտեսական հաջողություններով: 

Դեսպանի խնդրանքով, Տիգրան Թորոսյանը իրազեկել է նաև խորհրդարանի օրենսդրական գործունեության մասին` կարևորելով 2008 թ. նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը, որի օրենսդրական հիմքերի ապահովման համար Ազգային ժողովն ընդունել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը:

Թորոսյանն ու Կորինթիոսը կարևորել են նախագահական ընտրությունների հաջող անցկացումը, որը, նրանց կարծիքով, կնպաստի եվրաինտեգրման խորացմանը և Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանը:-0-